ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Սերժ Սարգսյանի այցելությունը սփյուռք համազգային հանրաքվեի արժեք ունի»

«Սերժ Սարգսյանի այցելությունը սփյուռք համազգային հանրաքվեի արժեք ունի»
02.10.2009 | 00:00

Հայ թուրքական հարաբերություններ, սահմանի հնարավոր բացում, քաղաքական լավ-վատ զարգացումներ։ Այս թեմաներն այսօր թե՛ հանրության, թե՛ հասարակական-քաղաքական գործիչների, թե՛ մտավորականների ուշադրության կիզակետում են: «Սահմանի բացումը չի նշանակում ցեղասպանության ուրացում, Ղարաբաղի խնդրին միջամտություն: Նախաստորագրված արձանագրության մեջ չկա ոչ մի նման կետ»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց գրող-հրապարակախոս, «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ: Անդրադառնալով նախագահի այցելությանը սփյուռք՝ նա ասաց, որ հիացած է այդ անսպասելի, բայց մեծ իմաստով՝ սպասված քայլով:
«Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը քննարկվում է բավականին երկար ժամանակ, -ասաց նա,- այսօր՝ ավելի ինտենսիվ, ինչը բնական է: Բավականին նուրբ հարց է: Եթե ասեմ, որ իմ մեջ, որպես գրողի, տագնապ չկա, ազնիվ չեմ լինի: Տագնապ կա բոլորի մեջ: Երեկ ես լսեցի հանրապետության նախագահին և զգացի, որ նա ունեցել է այդ նույն տագնապը, սակայն նրա մեջ տեսա նաև վճռականություն: Տարիներ շարունակ մենք թուրքերի հետ խոսել ենք օտարների միջոցով: Եկել է ժամանակը, երբ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ դեմ առ դեմ խոսի և ինքը լուծի իր խնդիրը, անկախ նրանից, թե ինչ կարծիքի են մեծ տերությունները: Ղարաբաղի խնդրի համար մենք կանգնեցինք ազգովին և, ինչպես տեսնում եք, Ղարաբաղի խնդիրը լուծեցինք»:
Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նա միանշանակ ճիշտ է համարում, ինչը պետք է ոչ միայն հայերին, այլև թուրքերին: Քաղաքական գործիչների հնչեցրած տագնապը, թե սահմանի բացվելուց հետո թուրքերը կլցվեն Հայաստան, նրանք 70 միլիոն են, մենք՝ 3 միլիոն, ակումբի հյուրը հիշեցրեց, որ պարսիկներն էլ 60-70 միլիոն են, մենք էլի՝ երեք, ի՞նչ պատահեց, երբ բացվեց սահմանը Պարսկաստանի հետ:
«Լիրիկական մի բան ասեմ՝ բացվում է մեր պատմական հայրենիքի դարպասը, և Եվրոպան ձեռնհաս է դառնում մեզ: Բացի այդ, մենք ստիպված չենք լինի Վրաստանի «քթի ջուրը տանել», հույս դնել մի հարևանի վրա, որն աչքի է ընկնում անվստահելիությամբ: Երբ ճանապարհը մեկն է, նրանք և՛ գների, և՛ բարոյական իմաստով մեզ ճնշում են, և՛ ճնշումն ամենօրյա է: Երեկ հանրապետության նախագահը շատ գեղեցիկ ասաց՝ «ես ուղղակի զարմանում եմ՝ ինչո՞ւ չեն ուզում, որ ապրանքներն էժանանան»:
Մերուժան Տեր-Գուլանյանը խոսեց նաև Չարենցի, Տերյանի, Թումանյանի անունից՝ վստահեցնելով, որ եթե մեր մեծերն այսօր ապրեին, կասեին, որ ճիշտը սահմանի բացումն է և դիվանագիտական հարաբերությունների ստեղծումը: Ավելի շատ վախեցնել ժողովրդին, քան իրականում վախենալու բան կա, նա համարեց ոչ բարոյական:
Սփյուռքահայության խնդրին անդրադառնալով էլ ասաց. «Ես իրենց շատ լավ հասկանում եմ, բայց ուզում եմ, որ իրենք էլ մեզ հասկանան: Սա երկրի շնչառությունը բացելու հնարավորություն է: Իսկ Եղեռնի ցավն ամեն մի հայի ցավն է, և մենք մտադրություն չունենք ուրանալու»:
Նախագահի այցելությունը սփյուռք Մերուժան Տեր-Գուլանյանը որակեց պաշտոնապես չհայտարարված համահայկական հանրաքվե:
«Շատ անսպասելի միտք է՝ այցելել և խորհրդակցել մեր ժողովրդի հետ: Այս քայլով նախագահն իր վրա վերցնում է մեծ պատասխանատվություն: Կարծում եմ՝ նրան կհաջողվի հասկացնել, որ այս ամենն արվում է հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի: Այսօր նա ճանապարհ է ելել, կարելի է ասել, ազգային մեծ ուխտագնացության, կուզենայի, որ իր թիկունքում զգար մեր ջերմությունն ու օրհնանքը, որ հաջողությամբ և հասկացված վերադառնար: Մենք այն սերունդն ենք, որը նախագահի հետ այդ պատասխանատվությունը պիտի իր վրա վերցնի։ Մենք ենք անելու այն քայլը, ինչը չհաջողվեց անել հարյուր տարվա ընթացքում: ՈՒզենք, թե չուզենք, թուրքը մեր հարևանն է, ուզենք, թե չուզենք, պիտի առնչվենք նրա հետ»:
Գրող-հրապարակախոսը խորհուրդ տվեց սահմանի բացմանը նայել այլ տեսանկյունից, քանի որ այն կոտրում է Թուրքիայի ներսում հակահայկական կարծրատիպը և կարող է ոչ թե վնասել, այլ օգնել, որ Թուրքիան ճանաչի Եղեռնը: Նա նաև մարգարեական կանխատեսում արեց՝ մինչև Եղեռնի 100-ամյակը Թուրքիան ընդունելու է ցեղասպանությունը և ներում է խնդրելու, ուրիշ ճանապարհ չկա: Կիրագործվի մարգարեական այս զեղումը, թե ոչ, շատ էլ չի մնացել պարզելու, ընդամենը 5-6 տարի:
Ակումբի հյուրը խոստովանեց, որ չի վախենում արձանագրության ոչ մի կետից, վախենում է միայն թուրքական դիվանագիտությունից, ինչը կարելի է որակել հմուտ նենգություն կամ նենգ հմտություն:
Մի կողմ դնելով քաղաքականությունը՝ լրագրողները շոշափեցին մեր քաղաքում թուրքերի ներկայության, թուրքական ռեստորանների և այլ հարցեր:
«Ազնավուրի թոռն ամուսնացել է սևամորթի հետ, ինչի առիթով մեծ երգիչն ասել է՝ մեկ է, աշխարհը շուտով գունավոր է դառնալու: Երևանում պարսկական խանութներ կան, սիրիական ռեստորաններ, ճաշակի խնդիր է. չես ուզում, մի գնա: Ստամբուլում հայկական շատ ռեստորաններ կան: Պարզապես մենք վախենում ենք ինքներս մեզնից, մեր չտեսությունից»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ